Loading...

Երրորդ համաշխարհայինը սկսվել է. ինչով այն կավարտվի — Armnews

Loading...


Իրանցի գեներալ Քասիմ Սոլեյմանիի սպանությունից հետո Հայաստանում ծավալվող քննարկումներում, թեեւ ոչ միայն Հայաստանում, բավական հաճախ հնչում է հարցը, թե արդյոք տեղի ունեցածը կհանգեցնի երրորդ աշխարհամարտի:

Երրորդ համաշխարհայինի մասին խոսվում է աշխարում ռեգիոնալ որեւէ կոնֆլիկտի կամ ուժային կենտրոնների դիմակայության սրացման ցանկացած պարագայում: Հասկանալի է, որ ժամանակակից կոնֆլիկտային աշխարհում հանրությունները հարցի վերաբերյալ դարձել են չափազանց զգայուն:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունն ու դրան հաջորդած փոխադարձ հռետորաբանությունը հասկանալիորեն դառնալու էին երրորդ Համաշխարհայինի մասին նոր խոսակցությունների առիթ:

Դրանք սակայն թերեւս ժամանակավրեպ են, այն պարզ պատճառով, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել եւ ընթանում է, պարզապես գուցե ոչ այն պատկերացումների շրջանակում, որ հանրությունների գերակշռող մեծամասնության մոտ ձեւավորել են առաջին երկու համաշխարհային պատերազմները:

Եթե չկա ուժային կենտրոնների միջեւ սեփական տարածքներում ուղիղ բախում, դա դեռ չի նշանակում, որ չկա երրորդ համաշխարհային: Այն արդեն տարիներ շարունակ ընթանում է ռեգիոնալ բախումների, հիբրիդային դրսեւորումներով, իսկ պայմանական մեկնակետ թերեւս հնարավոր է դիտարկել 1989 թ. Բեռլինի պատի անկումը եւ ԽՍՀՄ փլուզումը, կամ որ նույնն է՝ երկրորդ համաշխարհայինից հետո ձեւավորված աշխարհակարգի փլուզումը:

Համաշխարհային պատերազմը թերեւս ավելի շատ բնութագրվում է ոչ ռազմական գործողությունների կազմով ու աշխարհագրությամբ, այլ այն համաշխարհային մթնոլորտով, որ ուղեկցում է դրանց: Իսկ այդտեղ առանցքային ցուցիչը թերեւս աշխարհակագրային որոնումը կամ ձեւավորման գործընթացն է: Մի բան, որ տեղի է ունենում արդեն տեւական ժամանակ, եւ աշխարհը փնտրում է նոր աշխարհակարգի, համաշխարհային համակեցության նոր մեխանիզմ:

Դե ֆակտո հենց դա է ներկայում ընթացող Երրորդ համաշխարհային պատերազմը, որի ռազմական գործողությունները նույնական չեն առաջին երկուսի հետ այն պարզ պատճառով, որ երրորդը տեղի է ունենում ժամանակի եւ տարածության մեջ առավել ձգված ու միաժամանակ տեխնոլոգիապես անընդհատ հեղափոխություն ապրող աշխարհում:

Ըստ այդմ, գեներալ Սոլեյմանիի սպանությունը ընթացող այդ պատերազմի մի դրսեւորում է, ոչ թե կարող է լինել պատճառ: Ներկայում աշխարհի առաջ ոչ թե հարցն է, թե կսկսվի՞ արդյոք երրորդ Համաշխարհային պատերազմ, այլ հարցը, թե այն երբ կավարտվի ու ինչով,ինչ արդյունքով:

Բնականաբար, հատկապես հուզող հարց է, թե դրանից ինչպես դուրս կգա Հայաստանը: Հայաստանն առայժմ հաղթողների շարքում է: Արցախյան թե առաջին, ու թե նաեւ երկրորդ՝ ապրիլյան պատերազմը ժամանակի ու տարածության մեջ ձգվող եւ հեղափոխվող աշխարհում ընթացող երրորդ աշխարհամարտի հատվածներ են:

Ընդ որում, հայկական հաղթանակը Կովկասի ռեգիոնում փաստորեն դադարեցրել է աշխարհամարտը կամ դրա ռազմական դրսեւորումը, այն տեղափոխելով տնտեսա-քաղաքական հուն: Առաջին պատերազմից հետո հայկական պետականության եւ էլիտայի որակական շեղումը հանգեցրեց նրան, որ առաջացավ ռազմական բաղադրիչի վերադարձի ռիսկ, բայց ապրիլյան պատերազմում ինքնիշխան դիմադրությունը չեզոքացրեց այն էապես: Այդտեղ է նաեւ թավշյա հեղափոխության արժեքը՝ հայկական էլիտայի վերափոխում: Գործընթացը սկսված է եւ դրա որակից ու բովանդակությունից է կախված, թե արդյոք Հայաստանը կկարողանա շարունակել Կովկասը զերծ պահել ընթացող երրորդ աշխարհամարտի ռազմական բաղադրիչից, միաժամանակ՝ լուծել իր կենսական խնդիրները:

https://www.lragir.am/2020/01/07/506700/





Նյութի աղբյուր

Loading...

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*